«Մանանա Գրեյն» ՍՊԸ-ին պատկանող 56 մլն դրամը հափշտակելու համար 5.5 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի աշխատակից Աշոտ Առուշանյանի գործով հերթական դատական նիստին հետազոտվել է ամբաստանյալ Աշոտ Առուշանյանի հոր՝ Լավրենտի Առուշանյանի, եւ նախկին պաշտպան՝ Թադեւոս Ալեքսանյանի միջեւ զրույցի ձայնագրությունը, որից ակնհայտ է դարձել Աշոտ Առուշանյանի ու Արտաշես Գալուստյանի միջեւ տեղի ունեցած առերեսման ընթացքի մի շարք խախտումներ: NEWS.am-ի խմբագրություն ուղարկված գրավոր նամակում Լավրենտի Առուշանյանը ներկայացնում է այդ խախտումները:

«Քննիչն ակնհայտ ուղղորդել է Արտաշես Գալուստյանին Առուշանյանի դեմ ցուցմունք տալու հարցում, Գալստյանը րոպեն մեկ ներողություն է խնդրել Առուշանյանից եւ ասել, որ ստիպված է գնում այդ քայլին, նույնիսկ հրաժարվել է իր ցուցմունքից՝ նշելով, որ Աշոտն է ճիշտ ասում: Իսկ դրան ի պատասխան, քննիչն Արտաշեսին ասել է, «գժվար, արա»: Քննիչի «Արտաշը կարող է բերդ էթա, կարող է չէթա» արտահայտությունից, Առուշանյանի նախկին պաշտպան Թադեւոս Ալեքսանյանը հասկացել է եւ նրա հորը ներկայացրել է, թե ինչպես է ինքը քննիչին ասել, որ Գալուստյանին նախաքննական մարմինը խեսք է տվել, որ Առուշանյանի դեմ ցուցմունք տա ու ինքը գնա տուն: Այս հանգամանքի կապակցությամբ իր իսկ կասկածն է հայտնել այս գործով առաջին ատյանի դատարանի 30/01/2013թվականի դատավճիռը բեկանած վերաքննիչ դատարանը՝ մասնավորապես նշելով, որ Արտաշես Գալուստյանը թեեւ մեղադրվել է ծանր հանցագործության համար, այլ ապացույցներ ձեռք բերելով առանց նրա հայտնած տեղեկությունները հիմնավորելու աշխատանքային օրվա ավարտից հետո ազատվել է կալանքից:

Թադեւոս Ալեքսանյանի՝ ամբաստանյալի հորը հայտնած տեղեկատվությունից պարզ է դառնում նաեւ այն, որ առերեսման ընթացքում տեւական ժամանակով մեկ ուրիշ գործով պաշտպան Ալեքսանյանը դուրս է եկել եւ վերադարձել առերեսման ավարտից հետո, որի ընթացքում էլ տեղի են ունեցել այլ խախտումներ եւս:

Ձայնագրությունից ակնհայտ է դառնում Գալուստյանի հոգեվիճակին վերաբերող մի շարք հանգամանքներ, մասնավորապես Ալեքսանյանը նշում է, որ Գալուստյանի գլուխն ուռած էր եւ անընդհատ կախ, հայացք ուներ, որը ոչինչ չի ասում, ոնց որ նարկոման կամ յանը տարած լիներ կամ էլ լավ տփած լինեին, էդ մարդը զզված մարդու տպավորություն էր թողնում եւ էլի մի շարք նկարագրողական բառեր, որոնք ցենզուրայից ելնելով, չի ներկայացվում ընթերցողներին:

Եւ ահա այս ձայնագրության հետազոտմանն էր դեմ մեղադրող Տիտան Ուզոյանը, որը ջանք ու եռանդ չէր խնայում, իր երեւակայության սահմաններում բոլոր հնարավոր միջոցներով նշված ձայնագրության հրապարակմանը խոչընդոտելու համար: Այնուհանդերձ դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, որոշեց հետազոտել այն եւ հենց դատավորի բնորոշմամբ «աղաղակող» այս փաստերը այլեւս դատարանում հետազոտված են»,- ասվում է նամակում:

Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ նա խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալուստյանին /հանգուցյալ/ օժանդակել է հանցագործության կատարմանը` վերջիններիս տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ, այժմ արդեն հանգուցյալ Արտաշես Գալուստյանը իրավապահ մարմիններում հարցաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբներին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են եւ որի ժամանակ վերջինս Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի եւ դրա օրվա հաճախականության վերաբերյալ տեղեկատվություն: