Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հրավերով ապրիլի 21-25-ը այցելել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից հայտնում են, որ այցի շրջանակներում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Չժաո Շաոխուայի եւ նրա գլխավորված պատվիրակության անդամների, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային բաժնի վարիչի տեղակալ պարոն Չժոու Լիի, ինչպես նաեւ Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ պարոն Լի Բաոդունի հետ:
Այցի ընթացքում խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Չինաստանի հարավում գտնվող Ցզիանսու մարզ, որտեղ հանդիպել է Նանկինի փոխքաղաքապետ տիկին Խուա Ցզինի եւ վերջինիս ղեկավարած պատվիրակության անդամների, ինչպես նաեւ Ցզիանսու մարզի ժողովրդական ներկայացուցիչների ժողովի փոխնախագահ պարոն Գուն Պիսիանի եւ նրա ղեկավարած պատվիրակության անդամների հետ:
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ելույթով հանդես է եկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովում` անդրադառնալով հայ-չինական միջխորհրդարանական հարաբերություններին, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական եւ այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության, միջռեգիոնալ գործակցության եւ հումանիտար ոլորտին առնչվող մի շարք ծրագրեր եւ նախաձեռնություններ:
Ապրիլի 24-ին պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել եւ հիշատակի տուրք մատուցել Նանկին քաղաքի հուշահամալիրում:




























