Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Օմբուդսմենի գրասենյակը, որում ասվում է.

«Կիսաբաց դռնից հետեւելով պարապմունքին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին եւ անվայել արտահայտություններով դիմում նրան: Երեխաները վախենում են տնօրինությունից եւ միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Բացահայտվել են նաեւ սննդի  պահման պայմանների խախտումներ:

Այս ամենը բացահայտվել է Մարդու իրավունքների պաշտպանի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) կողմից, որը ստեղծվել է խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դրսեւորումները կանխելու նպատակով: Ի դեպ, նախորդ այցելությունների ընթացքում, Օմբուդսմենի ներկայացուցիչների կողմից հաստատության տնօրենին բազմաթիվ անգամ զգուշացվել է ժամկետանց սննդի չօգտագործման, սննդի պահման պայմանների ապահովման եւ այլ խնդիրների շտկման անհրաժեշտության մասին:

Նշված խնդիրների մասին տեղեկացվել է նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որը նունիսկ իրազեկվելուց հետո միակողմանի եւ ոչ լիարժեք է իրականացրել խնդրի ուսումնասիրությունը: Այսինքն՝ բացատրագրեր են վերցվել միայն այն աշխատակիցներից, ում գործողությունները եղել են  խնդրահարույց եւ ընդհանրապես չեն լսել հաստատությունում սովորող երեխաների կարծիքը: Ուսումնասիրության ձեւաչափի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Օմբուդսմենի տեղակալ Գենյա Պետրոսյանն անմիջապես կապ է հաստատել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ  Բերիկյանի հետ: Ցավոք, փոխնախարարի արձագանքը եւս պատշաճ չի եղել:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պահանջում է հրատապ միջոցներ ձեռնարկել Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում արձանագրված խախտումների վերաբերյալ լիարժեք, օբյեկտիվ եւ բազմակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, նման դեպքերը բացառելու եւ թերացում թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: