Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում ապրիլի 29-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով գյուղի բնակիչ Արտաշես Գեւորգյանին պատճառվել է ավելի քան 5 մլն դրամի վնաս: Այս մասին NEWS.am-ին ասաց Գեղամավանի գյուղապետ Մնացական Վարդանյանը:
«Գոմն ու հացատունն ամբողջությամբ այրվել են. երկու շինությունները մոտավորապես ամեն մեկը 11 մետր լայնություն, 17 մետր երկարություն ունեն, պատկերացրեք՝ ինչ հսկայական տարածք է: Գոմում եղած բոլոր կենդանիները՝ մեկ կով, մեկ հորթ, մեկ երիջ, 9 ոչխար, 7 գառ եւ 20 հավ, սատկել են: Հացատանը եղած ամեն ինչը՝ ուտելիքից սկսած, սպասքից վերջացրած, այրվել են: Առնվազն 5 մլն դրամի վնաս է հասցվել»,- ասաց նա:
Արտաշես Գեւորգյանի ընտանիքը բազմամարդ է, տան միակ ապրուստը անասնապահությունն էր: Հրդեհից հետո ընտանիքն անելանելի վիճակում է:
«Մեծ ընտանիք է, 6-7 շնչից բաղկացած, ոչ մեկը չի աշխատում, միակ ապրուստը անասնապահությունն է, հիմա չգիտեն՝ ի՞նչ անեն, ո՞նց անեն: Ես դիմել եմ մարզպետարանին, գոնե պետական աջակցություն լինի, թե չէ էդ ընտանիքը ձեռից կգնա»,- ավելացրեց գյուղապետը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռ հայտնի չէ, սակայն գյուղապետի կարծիքով՝ հոսանքի տատանումներն են. «Հրշեջներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն, ուշացումով են եկել: Եթե մի քիչ էլ ուշացումով գային, ապա տունն էլ կայրվեր: Ամեն դեպքում բավականին մեծ հրդեհ է եղել, մի քանի ժամ պետք էր, որ մեկուսացվեր այն:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԻՆ-ում ապրիլի 29-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են Նաիրյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 տան եւ անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 440 քմ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 03.05-ին, մարվել` 05.34-ին:



























