Ազգային ժողովում ժամը 12.30-ին մեկնարկել է ԱԺ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը, որը կտեւի մինչեւ 13:30-ը:
Գրանցված թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանն ու ինքնաառաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանը:
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը նախքան քվեարկությունը ներկայացրել է ընտրության կարգը, ըստ որի՝ քվեաթերթիկում երկու անուն է, ու պատգամավորները պետք է գիծ քաշեն այն թեկնածուի անվան վրա, որին կողմ չեն:
Հիշեցնենք, որ ՀՅԴ եւ ՀԱԿ խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը: ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունն» այս պահի դրությամբ դեռեւս չեն հրապարակել իրենց վերջնական դիրքորոշումը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 28-ին, ՀՀԿ նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր տեղի ունեցել՝ Հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման կարգում փոփոխությունների օրակարգով: Խնդիրն այն է, որ ԱԺ նախագահի ընտրությունն ապահովելու համար անհրաժեշտ էր, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովն աշխատի, սակայն ԱԺ 6 խմբակցություններից 5-ը (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՕԵԿ) հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, որի հետեւանքով 11 հոգանոց հանձնաժողովում քվորում չի ապահովվում:
Ըստ առաջարկվող փոփոխության, ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում ՀՀԿ անդամների թիվը 5-ից դարձել է 7: Այդ դեպքում արդեն 13 հոգանոց հանձնաժողովում 7 անդամների առկայությունն ապահովում է քվորում եւ հանձնաժողովը կարող է գործել: ՀՀԿ նախաձեռնությանը կողմ էր քվեարկել 68 պատգամավոր եւ որոշումն անցել էր: Մյուս խմբակցությունները չէին մասնակցել քվեարկությանը:




























