Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանում Արգենտինյան Հանրապետության նորանշանակ դեսպան Միգել Անխել Կունեոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, թե նա իր կարեւոր ներդրումը կունենա հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը նաեւ արտգործնախարարության աջակցությունն է հայտնել դեսպանին` նրա առաքելության իրականացման ընթացքում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խնդրել է իր ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերը փոխանցել իր արգենտինացի գործընկեր Խորխե Տայանային:
Դեսպան Միգել Անխել Կունեոն նշել է, որ Արգենտինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչի վկայությունն է տարածաշրջանում իր երկրի առաջին դեսպանության հիմնումը Երեւանում: Դեսպան Կունեոն կարեւորել է Արգենտինայի հայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Երկուստեք գոհունակություն է հայտնվել Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների, զարգացած իրավապայմանագրային դաշտի առնչությամբ: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Կունեոն քննարկել են նաեւ համագործակցության առկա մեծ ներուժի օգտագործման հնարավորությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ:




























