Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ապրիլի 29-ի առավոտյան DHKP-C-ի դեմ համաժամանակյա գործողություններ են իրականացրել Ստամբուլի Արմութլու թաղամասում։

Թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ՝  ոստիկանները DHKP-C-ի «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ»-ի դեմ իրականացրած գործողության ժամանակ ձերբակալել են կառույցի անդամ լինելու մեջ մեղադրվող 18 անձի։

Տարբեր հասցեներում իրականացված խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է անօրինական պահվող 3 ատրճանակ եւ մեծ քանակությամբ փաստաթղթեր։

Հիշեցնենք, որ DHKP-C-ի նպատակն է՝ զենքի ուժով տապալել Թուրքիայում առկա կարգերը եւ ստեղծել մարքսիզմ-լենինիզմի սկզբունքներին համահունչ համակարգ։ DHKP-C-ն Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Եվրամիության երկրներում համարվում է ահաբեկչական կառույց։