Ադրբեջանական լրատվամիջոցները որոշ մանրամասներ են ներկայացրել երկրում ծագած «լրտեսական սկանդալի» վերաբերյալ, որի հերթական զոհն են դարձել Յունուս ամուսինները:

Իրազեկ աղբյուրները վկայակոչելով՝ haqqin.az-ը հայտնում է, որ ապրիլի 28 –ին Լեյլա Յունուսը որպես վկա հարցաքննության էր կանչվել Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների վարչություն: Սակայն Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը նույն օրը դիմել էր Ադրբեջանում Ֆրանսիայի  դեսպանատուն՝ 5 տարով Շենգենյան վիզա ստանալով: Լ. Յունուսն ու նրա ամուսին Արիֆ Յունուսը Բաքու-Դոհա-Փարիզ օդանավի տոմս են գնել եւ որոշել ընդմիշտ հեռանալ  Ադրբեջանից: Աղբյուրները նշում են, որ Լ. Յունուսի ուղեբեռը ստուգելիս ձմեռային հագուստ է հայտնաբերվել, ինչը վկայում էր, որ նա անվերադարձ է ցանկանում հեռանալ:

Ամենահետաքրքիրն այս պատմության մեջ այն է, որ ամուսնական զույգը Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան ժամանել էր Ֆրանսիայի դեսպանատան մեքենայով: Նրենց ուղեկցում էր Ֆրանսիայի դեսպանը եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Հիշեցնենք Յունուս ամուսիններին ձերբակալել են «Զերկալո» թերթի խմբագիր Ռաուֆ Միրկադիրովի գործի շրջանակում: Ադրբեջանի հատուկ ծառայությունները լրագրողին մեղադրում են հայրենիքի դավաճանության եւ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: