ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները, մեղմ ասած, սխալ են վարվել, որ չեն վերաբնակեցրել ազատագրված տարածքները, քանի որ այդ դեպքում անգամ միջազգային հանրությունը չէր կարողանա ճնշում բանեցնել Հայաստանի վրա:
Բագրատյանը «Հայելի» ակումբում նշեց, որ փոխզիջման եւ առեւտրի առարկա կարող են լինել յոթ շրջաններից 5-ը, բայց ոչ երբեք՝ Քարվաճառն ու Լաչինը:
«1997թ. առաջարկվածը մի փայլուն լուծում չէր, բայց Քելբաջարի ու Լաչինի հարց չկար, ու ինտենսիվ կերպով Հայաստանը շանս էր ստանալու շարունակել վերաբնակեցման գիծը»,- ասաց Բագրատյանը եւ հավելեց, որ եթե Հայաստանում չվերականգնվի արդարությունը, Ղարաբաղի հարցում շատ ավելի վատ տարբերակ կառաջարկվի հայկական կողմին եւ «կարող է ստիպված լինենք 7 շրջանն էլ տալ։ Կարող է ստիպված լինենք Ղարաբաղն էլ տալ, Զանգեզուրն էլ հետը»։
ՄԱկ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի եւ կուսակցության դիրքորոշումն ընդհանրապես համընկնում է պաշտպանական խրամատների «սիլուետի» հետ: «Եթե կա այդ սիլուետի փոփոխություն դեպի առաջ կամ դեպի հետ, եւ եթե դա պայմանավորված չէ ՀՀ-ի պետական շահերի ակնհայտ դավաճանությամբ, մենք ընդունում ենք այդպիսի դիրքորոշումը»,- ասաց Արսենյանը:



















