Վարդան Պետրոսյանի հարազատները տեղյակ չէին, որ դերասանին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին NEWS.am-ին ասաց դերասանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը:
«Կայքերում ենք կարդացել, որ Վարդանին տեղափոխում են «Նուբարաշեն», մեզ ոչինչ չէին ասել: Արդյո՞ք պատրաստ էր տեղափոխվելուն, նույնպես չգիտեմ: Երկար ժամանակ չեմ տեսակցել, միայն դատերի ժամանակ ենք տեսնում, այդ ժամանակ էլ թույլ չեն տալիս հետը խոսել»,- ասաց նա:
Աշխեն Պետրոսյանի խոսքով՝ այս պահին դերասանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը, գնում է կալանավայր՝ իր պաշտպանյալին այցելության:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 29-ին, դերասանին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժական մաս:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























