Անկախ ամեն ինչից, ես շահագրգռված եմ, որ ՀՀԿ-ն էլ ավելի արդյունավետ աշխատի: Այս մասին ապրիլի 29-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք ԱԺ նախագահ դառնալուց հետո համատեղի երկու պաշտոնները:

Նրա խոսքով՝ այս պահին հանրապետականներն առայժմ չեն քննարկել խմբակցության ղեկավարի թեկնածուի հարցը: Նա նաեւ նշել է, որ տեղեկությունը, թե խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին փոխարինելու է Գագիկ Մելիքյանը, չի համապատասխանում իրականությանը:

«Մենք առայժմ այդ հարցը չենք քննարկել»,-ասել է Գալուստ Սահակյանը:

Նա միաժամանակ նշել է, որ քննարկումների ընթացքում համապատասխան թեկնածուներ կառաջարկի, եւ ՀՀԿ Գործադիր մարմինը որոշում կկայացնի: Հարցին՝ արդյոք թեկնածուները երիտհանրապետականներից կլինին, թե նախապատվությունը ավագ սերնդին կտրվի, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ես ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերնդից թեկնածուներ կառաջարկեմ»: