Ադրբեջանում մտածել եւ որոշել են շանտաժի ենթարկել ԵՄ-ին: «Արեւմուտքը ցանկանում էր, որպեսզի մենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքեինք, սակայն այնտեղից դուրս էր թողնվել մեր տարածքային ամբողջականության մասին հարցը: 15 տարի ԵՄ-ն ճանաչում էր մեր տարածքային ամբողջականությունը, սակայն վերջին ժամանակներս չի ցանկանում այն ընդունել: Ինչպե՞ս այժմ դա հասկանանք», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը՝ Բաքվում բաց հասարակությունների գլոբալ ֆորումում ելույթ ունենալիս:
Նեղանալու պատրվակն այն է, որ խոշոր պետությունների նախագահները չեն ցանկանում պարել Ադրբեջանի դուդուկի տակ եւ տեղի տալ ղարաբաղյան հիմնախնդիրը ադրբեջանական սցենարով լուծելու պահանջներին:
«Մենք արդեն մտածում ենք. արդյո՞ք ճիշտ ճանապարհ ենք ընտրել, որ այսպիսի երկակի վերաբերմունքի ենք արժանանում..», - բազմանշանակ հայտարարել է Նովրուզ Մամեդովը:
Ադրբեջանցի պաշտոնյայի հանդուգն ելույթը կապված է այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանն իրեն համարում է Եվրոպա «գազի գլխավոր մատակարար», եւ այժմ փորձում է իրեն ավելի թանկ վաճառել: Թե ինչ դուրս կգա Բաքվի նկրտումներից, ժամանակը ցույց կտա: Իսկ այժմ նշենք միայն, որ Ադրբեջանում գազի պաշարներն ավելի քիչ են, քան ներկայացվում են:


























