Բարձր եմ գնահատում Հրանտ Բագրատյանին եւ պայքարին նրա մասնակցությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու, իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը`պատասխանելով խորհրդարանի նախագահի ընտրության շուրջ լրագրողների հարցերին: 

«Նա պայքարի մասնակից դարձավ, եւ դա շատ լավ է: Այն, որ «Ժառանգությունը» ներկայացնող Ռուբեն Հակոբյանը նույնպես առաջադրվել էր, նույն պատճառով էլի շատ լավ էր»,- հայտարարել է Սահակյանը:

Ի պատասխան դիտարկման, թե Հանրապետական կուսակցության մեծամասնության պարագայում մյուս թեկնածուների հնարավորությունները չնչին են, Սահակյանը պատասխանել է. «Իսկ ձեր կարծիքով` երբ պայքարում էի, ինձ մոտ այդ շանսերը բա՞րձր էին: Պայքարողը պետք է մի փոքր էլ պայքարել իմանա»:

Հիշեցնենք, որ խորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում են իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ ինքնառաջադրված թեկնածու, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Քվեարկությունը արդյունքները ժամը 14:30-ին կհրապարակվեն: