Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» չեն կողմնորոշվում, թե ինչպես համագործակցել՝ չկորցնելով սեփական դեմքը: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:
«Նախ պետք է պարզել, թե խորհրդարանի ոչ իշխանական ուժերն իրենց առջեւ ինչ խնդիր են դրել առաջիկայում: Նախկինում տեսել ենք, որ երկփեղկվածություն, եռափեղկվածություն կա: Եղել է, որ ՀԱԿ-ն առանձին, կամ անգամ «Ժառանգության» հետ ամբողջական իշխանափոխություն են պահանջել: Հիմա այնպիսի իրավիճակի առջեւ են կանգնել, որ ամեն մեկը պիտի որոշի, ամեն մեկը ցանկություն ունի նաեւ իր դեմքը պահպանելու: Հիմա այստեղ հարցեր են առաջանում, թե ոնց անեն, որ իրենց քաղաքական գծերին չխանգարի, որպեսզի սկզբունքայնության խնդիրը չտուժի եւ ինչպես իրենց պահեն: Եթե կարողանան այնպիսի ձեւաչափ գտնել, որ սկզբունքայնությունը չտուժի, ապա ինչ-որ ընդհանուր հայտարարի կգան, իսկ եթե չկարողանան, ապա մի օր այդ ուժերը կտուժեն: Այժմ չորս ուժերը ցանկանում են եւ քառյակ ունենալ, եւ չկորցնել իրենց դեմքը»,- ասաց նա:
Թե ինչ կլինի առաջիկայում, քաղաքական վերլուծաբանը դժվարանում է կանխատեսել, «ամեն դեպքում առաջիկայում խնդիրներ կառաջանան»:
«Քառյակի մոտ անորոշություն կա, բարդություններ կան, որովհետեւ չեն համընկնում նախապես ասված ծրագրերը, ճանապարհները եւ ներկայիս իրադրությունը: Դրա համար էլ անորոշության կա»,- ավելացրեց Սարո Սարոյանը:
Նշենք, որ «հրաշալի քառյակը» պահանջում էր Հայաստանի արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը եւ պատրաստվում էր ապրիլի 28-ից մեկնարկող քառօրյա նստաշրջանին այդ հարցը բարձրացնել: Սակայն ապրիլի 2-ին Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ նրա փոխարեն վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Դեռ պարզ չէ, թե ինչ է անելու քառյակն այս պարագայում: Չորս ուժերը դեռ չեն շտապում գնահատել Հովիկ Աբրահամյանի ընտրությունը:




























