ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր՝ ապրիլի 29-ին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրել է ԱԺ նախագահի փակ գաղտնի քվեարկության արդյունքները, նշելով, որ քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Գալուստ Սահակյանն ստացել է 101, իսկ Հրանտ Բագրատյանը՝ 3 կողմ ձայն:

ԱԺ նախագահի ընտրություններին չեն մասնակցել ՀԱԿ, «Ժառանգություն» ու ՀՅԴ խմբակցությունները: Բացառություն են կազմել Հրանտ Բագատյանը, Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բագրատյանի օգտին քվեարկելն իր պարտքն է եղել:

Կենսագրական տվյալներ

Գալուստ Գրիգորի Սահակյանը ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երեւանում:

1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր:

1970-1972թթ. Երեւանի մետաքսի կոմբինատում եղել է փականագործ: 1972-1991թթ. աշխատել է կրթական համակարգում. թիվ 30 դպրոցում՝ ուսուցիչ, թիվ 94 եւ թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996թթ. եղել է Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:

1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր  (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-17.11.2008թթ.` Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 11.11.2008-31.05.2012` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար: ՀՀԿ խորհրդի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: