Մենք կշարունակենք Հայաստանի խորհրդարանում բազմակարծության նոր մշակույթ ձեւավորել: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի նորընտիր նախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀԿ-ին ու ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին իրեն այդ պաշտոնում առաջադրելու համար: Հետո նա շնորհակալություն է հայտնել ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին՝ քվեարկությանը մասնակցելու համար: «Շնորհակալ եմ նաեւ այն խմբակցություններին, որոնք չեն մասնակցել քվեարկությանը, ինչպես նաեւ պարոն Բագրատյանին եւ պարոն Հակոբյանին՝ առաջադրվելու համար: Իմ կյանքը միշտ այսպես է անցել. Ես սիրում եմ պայքարը եւ իմ նպատակներին հասել եմ պայքարի շնորհիվ»,-ընդգծել է Գալուստ Սահակյանը:

«Կարծում եմ, որ իմ ծրագրերն ու այն մոտեցումները, որոնք կապված են բարձր պատվի ու խորհրդարանի նորմալ աշխատանքի հետ, առաջնային կարեւորություն կունենան ինձ համար: Շնորհավորելով ողջ խորհրդարանին, կարծում եմ, որ մենք այսուհետ եւս նոր մշակույթ կձեւավորենք, ինչպես դա արել ենք վերջին տարիներին»,-հայտարարել է Սահակյանը:

Նշենք, որ Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահ է ընտրվել 101 կողմ ձայներով: ԱԺ նախագահի մյուս թեկնածուն՝ Հրանտ Բագրատյանն ստացել է 3 կողմ ձայն:

Նկատենք, որ ԲՀԿ-ն իրեն համարում է այլընտրանք, ՕԵԿ-ը՝ ընդդիմադիր, այդուհանդերձ, այդ երկու խմբակցություններն ամենայն հավանականությամբ ողջ կազմով կողմ են քվեարկել Գալուստ Սահակյանի թեկնածությանը:

Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկել են Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ), Ալեքսանդր Արզումանյանը («Ժառանգություն) եւ ինքը՝ Հրանտ Բագրատյանը (ՀԱԿ):