Հայաստանի ՊՆ-ում, ապրիլի 28-ին, տեղի է ունեցել առողջապահական հարցերին նվիրված միջգերատեսչական քննարկում, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, գեներալ-մայոր Լեւոն Մնացականյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը, զորակոչի խնդիրներով զբաղվող այլ կառույցների ներկայացուցիչներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կանխարգելիչ պատվաստումների ընթացքը, հակահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպման, ՊՆ ենթակայության ներքո առանձին շրջանային հիվանդանոցների վերագործարկման, ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման հեռանկարներին եւ ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցության կազմակերպման, ինչպես նաեւ զինծառայողների սոցիալական ապահովման խնդիրներին առնչվող հարցեր:
Վերոնշյալ խնդիրների ուղղությամբ կատարվելիք աշխատանքներն արդյունավետ անցկացնելու համար ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարները խորհրդակցության մասնակիցներին տվել են համապատասխան հանձնարարականներ:




























