Ռուսաստանի Տյումեն քաղաքում ապրիլի 21-ին սեփական բնակարանում դանակի 40 հարվածից սպանված 26-ամյա Նունե Սարգսյանի հարազատները ցանկանում են, որ մարդասպանը՝ պիցցայի առաքիչ 22-ամյա տյումենցի Զախար Կովրիգինը, ցմահ ազատազրկման դատապարտվի, չնայած կասկածում են, որ Ռուսաստանի արդարադատությունը նման որոշում կկայացնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նունեի ամուսինը՝ Արամ Ապրեսյանը:

«Մենք ցմահ ենք ուզում, բայց չգիտեմ՝ ինչ կլինի: Ամեն դեպքում ամբողջ Տյումեն քաղաքը դատապարտում է կատարվածը, կարծում եմ, որ արդար պատիժ կհասնի: Նունեի ծնողներն ու եղբայրն այնպիսի վիճակում են, որ քիչ է մնում էդ անասունի հարազատներին վնաս տան, բայց ես թույլ չեմ տալիս: Մեկին մի բան լինի, ինձ կտանեն, կփակեն, բա երեխեքիս ո՞վ տիրություն կանի: Երեք փոքր երեխեքիս մասին եմ այս պահին մտածում»,- ասաց նա:

NEWS.am-ի հետ զրույցում Արամը պատմեց ողբերգական դեպքի մանրամասները: Կատարվածից ընդամենը մեկ ժամ առաջ Նունեն զանգահարել է ամուսնուն եւ հայտնել, որ պիցցա է պատվիրում, եւ ամուսնուն եւ վերջինիս հարազատներին ժամը 15:00-ի սահմաններում հրավիրում տուն ճաշելու:

«Ժամը 14:30-ի սահմաններում մայրս զանգահարեց, թե առեւտրի սրահում ենք, արի միասին Նունեի համար նվեր առնենք ու գնանք: Գնացի այնտեղ, նվերը գնեցինք, հետո գնացինք եղբորս կնոջն ու երկու երեխաներին վերցրինք ու եկանք տուն: Երեկոյան ժամը 8-ին պետք է միասին հավաքվեինք ու ռեստորան գնայինք, սեղան էինք արդեն պատվիրել, էն էլ... մի քիչ շուտ հասնեի, Նունեին կփրկեի: Մինչեւ տուն գալը՝ զանգեցի Նունեին, բայց չվերցրեց, մտածեցի՝ երեխայով է զբաղված»,- շարունակեց Արամը:

Արամը եղբոր կնոջն եւ երեխաներին բերում է շենքի բակ, իսկ ինքն ու մայրը գնում են երեխաներին մանկապարտեզից վերցնելու: Դեռ մանկապարտեզ չհասած՝ Արամին զանգահարում է եղբոր կինն ու ինչ-որ բաներ աղաղակում:

«Եղբորս կինը հիստերիայի մեջ գոռում էր, թե Նունեն արյան մեջ կորած է: Ընդամենը մեկ րոպե հետո հասա տուն, տեսնեմ՝ Նունեն արյունլվա: Չէի հասկանում, թե այսքան արյուն որտեղից: Սկզբում մտածեցի, որ գլուխը խփել ա հատակից, գլխից արյուն ա եկել: Սկսեցի զննել, մայկան բարձրացրի, տեսա՝ դանակային հարվածներ են, տասնյակ հարվածներ: Միանգամից շտապօգնություն եւ ոստիկանություն կանչեցի, բայց արդեն ուշ էր»,- ավելացրեց Նունեի ամուսինը:

Ոստիկանությունում արդեն պարզվել էր, որ Նունեին սպանել է պիցցայի առաքիչը, որը խաղամոլ է եղել եւ բավականին մեծ գումար էր պարտվել դեպքից օրեր առաջ:

«Իսկ սպանելու որոշումը կայացրել է միայն էն ժամանակ, երբ Նունեին հեռախոսին զանգ է եկել, ես էի զանգել, բայց էդ անասունին թվացել է, թե դռան զանգն է, դրա համար է սպանել: Սա քննիչներն են ինձ ասել, իսկ էդ տղայի հետ ես անձամբ չեմ խոսել»,- նշեց Արամ Ապրեսյանը:

Սպանությունը կատարած 22-ամյա առաքիչը այժմ կալանավորված է, իսկ Նունեի ընտանիքը չգիտի՝ ինչ անել, ինչպես երեխաներին պատմել եղելությունը:

«Տղաս, որը երեք ամսական է, ոչ մեկի մոտ չի գնում, ես եմ պահում, իսկ աղջիկներիս՝ վեց տարեկան եւ 5 տարեկան, տատիկներն են խնամում: Մեծ աղջկաս ասել եմ, բայց փոքրիս չեմ ասել ու չգիտեմ՝ ոնց ասեմ»,- եզրափակեց 26-ամյա Նունեի ամուսինը՝ նշելով, որ Նունեի հետ ծանոթացել եւ ամուսնացել են դեռ ուսանողական տարիներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տյումենում սարսափելի սպանություն է կատարվել: Պիցցայի առաքիչ 22-ամյա տյումենցի Զախար Կովրիգինը Նունեի պատվերն առաքելիս որոշել է տիրանալ աղջկա ունեցվածքին: Կովրիգինը դանակ է հանել եւ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել, որ աղջիկը իրեն հանձնի ձեռքի տակ եղած ողջ գումարն ու արժեքավոր իրերը: Ստանալով պահանջվածը` ոսկե մատանիներ եւ գումար, չարագործը, մտավախությամբ, որ տուժողը տեղի ունեցածի մասին կհայտնի իրավապահ մարմիններին, նրան դանակի առնվազն 40 հարված է հասցրել:

Հարուցվել է քրեական գործ: