Երեւանի բնակիչ, 17-ամյա Արման Մ.-ն մեղադրվում է դպրոցում դանակահարություն կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 5-ին ժամը 12:40-ի սահմաններում Երեւան քաղաքի Ֆրուզե փողոցի 56 հասցեում գտնվող թիվ 65 ավագ դպրոցում: Արմանը վիճաբանել է Ռոլանդի եւ Էրիկի հետ, որի ընթացքում երկու կամ ավելի անձանց մարմնական վնասված պատճառելու դիտավորությամբ սուր կտրող -ծակող գործիքով հարվածել է Ռոլանդի ձախ գոտկային շրջանին՝  վերջինիս պատճառելով առողջության միջին ծանրության վնաս: Դանակահարելուց հետո Արմանը դիմել է փախուստի: 

Արման Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում: