Աշխարհում շատ արագ կատարվող գործընթացների պայմաններում հայաբնակ Քեսաբի խնդրի ցանկացած անկյան հարթեցումն անթույլատրելի է: Այս մասին ապրիլի 29-ին ԳԱԱ Պատմության ինստիտուտի եւ «Արեգ» գիտահետազոտական կենտրոնի կազմակերպած «Քեսաբ. Արդի մարտահրավերները» թեմայով գիտաժողովի ընթացքում հայտարարել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Վարդան Խաչատրյանը:
Ըստ նրա՝ առաջին հերթին, ամենավիճարկելի խնդիրն այն է, թե ինչ կատարվեց Քեսաբում, որի հետեւանքով զինված գրոհայինները բժշկական օգնություն ստացան, ինչպես նաեւ ռազմական աջակցություն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի կողմից: «Մենք այդ հարցին պետք է միջազգային հնչեղություն տանք, քանի որ այստեղ խոսքը մի երկրի մասին է, որի պետական քաղաքականությունը առաջին անգամ չէ, որ ուղղված է Հայաստանի դեմ», - նշել է Խաչատրյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի համար շատ վտանգավոր կլինի, եթե արեւմտյան երկրների խնդրանքով Թուրքիայի զորքերը ներխուժեն Սիրիա: Նրա համոզմամբ՝ տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան տարածաշրջանում ձեռք է բերում «ոստիկանի» կարգավիճակ, ինչը Հայաստանի համար էական վտանգ է ներկայացնում:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Սիրիայի Քեսաբ քաղաքը, որտեղ հիմանականում հայեր եւ ալեւիներ են ապրում, զանգվածային զինված հարձակման էր ենթարկվել երկրի ընդդիմության ավազակային խմբավորումների կողմից: Երկու խոշոր ահաբեկչական խմբավորումներ Սիրիա էին ներխուժել Թուրքիայի տարածքից: Քեսաբի բնակչության մեծ մասը Լաթաքիա է տարհանվել:




























