«Բարգավաճ Հայաստան» կուսակցության տերը գոհ է Սերժ Սարգսյանից, դրա համար էլ իր խմբակցությունը կողմ է քվեարկել Գալուստ Սահակյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով այսօր՝ ապրիլի 29-ին կայացած ԱԺ նախագահի ընտրություններին:
«Բարգավաճ Հայաստանը» բիզնես կլուբ է, որի մասին իմ կարծիքը վաղուց եմ հայտնել: ԲՀԿ-ն շարունակելու է իր խաղերը, իրեն ընդդիմություն է համարելու: Բարգավաճ Հայաստանի տերը բավարարված է Սերժ Սարգսյանից եւ դրա համար այսօր գործընթացներն ընթանում են այս հունով:Բոլոր այս կուսակցությունները ՀՀԿ-ի անձնական օգտագործման կուսակցություններ են եւ իրենց ուզած ձեւով օգտագործում են»,- ասաց նա:
Մակեյանի խոսքով՝ «հրաշալի քառյակը» սպասարկում է իշխող Հանրապետական կուսակցության շահերը եւ հետագայում կանի այն, ինչ իրեն կհրամայեն:
«Քառյակը սպասարկում է իշխող վարչախմբի շահերը, ամեն անգամ ապացուցվում է դա, իսկ Բարգավաճը երբեք ընդդիմություն չի եղել, բոլոր դեպքերում վարչախումբը հնարավորություն է տվել այդ քառյակին իր իսկ ցանկությամբ ոնց անել, ինչ անել եւ երբ անել: Հիմա երեւի ուզել են, որ Գալուստ Սահակյանին ընտրեն ու ընտրել են: Ինչ վերաբերվում է «Ժառանգությունը», ապա ես այս կուսակցությանը մի քիչ վերապահումով եմ մոտենում եւ համոզված եմ, որ նրանք պարտադրված են հայտնվել քառյակի մեջ»:
Մակեյանը չի բացառում նաեւ, որ քառյակին միանա նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որն իրեն ապրիլի 28-ին ընդդիմություն հայտարարեց, իսկ մեկ օր անց կողմ քվեարկեց ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի օգտին:
«Վաղն էլ կարող է ՕԵԿ-ին ընդունեն ու ամեն ինչ պարզ կլինի: Իսկ ինչո՞ւ ոչ, եթե մարտի 1-ի դահիճն այնտեղ է, մարտի մեկի քաղաքական որոշում ընդունողին աջակցողն ինչո՞ւ չպիտի լինի, նույն հարթության վրա են: Նորից ասեմ, որ քառյակի գործողություններն ամբողջությամբ ուղղորդված են իշխող վարչախմբի կողմից»,- եզրափակեց նա:
Նշենք, որ Գալուստ Սահակյանը 101 ձայնով ընտրվեց ԱԺ նախագահ: Ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկեցին ընդամենը երեքը՝ ինքը, Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը միաձայն կողմ քվեարկեցին ՀՀԿ-ական թեկնածուին, իսկ «Ժառանգությունը», ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն չմասնակցեցին ընտրությանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























