Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց այսօր՝ ապրիլի 29-ին, պարտադիր կուտակային կենսաթոշակի պահումների դեմ բողոքի ակցիա անցկացնող Երեւանի դպրոցների ուսուցիչները եւ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները առաջարկեցին, որ բացվի նոր՝ սոցցանցերի նախարարություն, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ նշանակվի սոցցանցերի նախարար, որ կրթության ոլորտի աշխատակիցներից ոչ ոք նրան էլ չանհանգստացի:
«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Կարեն Հովհաննիսյան էլ հորդորեց, որ Աշոտյանը վերջ տա կրթական հաստատությունները քաղաքականացնելուն։
«Բոլորը վախենում են գալ էստեղ: Վերջ տվեք քաղաքականացնել ռեկտորներին, տնօրեններին, դասատուներին, ու կրթության մակարդակը կբարձրանա»,- ասաց նա։
«ԴԵՄ ԵՄ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը նախազգուշացրեց, որ չհամարձակվեն աշխատանքից ազատել այսօրվա ակցիային մասնակցող որեւէ ուսուցչի՝ նշելով, որ դա հանրային պահանջ է։
«Ուզում եք ուսուցիչներն էլ փողոց փակե՞ն, որ ցած իջնեք: Դուք ձեր քայլերով տանում եք դրան: Մի մոռացեք, նենց լավ քաղաքացիական անհնազանդության տեղ է այստեղ, պարոն Աշոտյան»,- ասաց նա։
Դպրոցների ուսուցիչները բուհերի դասախոսներին նույնպես կոչ արեցին միանալ իրենց՝ նշելով, որ բուհերը գոյատևում են ուսման վարձերի հաշվին:
«Ամոթ», «Իջի» վանկարկելով՝ նրանք պահանջում են, որ Աշոտյանը իջնի եւ պատասխանի իրենց հարցերին, սակայն զգուշացնում են. «Ֆեյսբուքով պատասխանի չենք սպասում»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























