Իմ հաջողությունից՝ կապված խորհրդարանի նախագահ ընտրվելու հետ, չպետք է տուժեն մարդիկ, որոնք երկար ժամանակ աշխատում են խորհրդարանում, որ ես ազատեմ նրանց հաճույքի համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով՝ ինքը կադրային զտումներ չի իրականացնի ԱԺ աշխատակազմում. «Ես մտադիր չեմ ազատել աշխատակիցներին միայն այն բանի համար, որ նրանց փոխարինեմ իմ ծանոթներով ու մտերիմներով: Իմ հաջողությունը չպետք է նրանց համար աշխատանքի կորուստ դառնա»:

Հարցին, թե ո՞րն է լինելու առաջին նորարությունն իր կողմից որպես ԱԺ նախագահ, Գալուստ Սահակյանը պատասխանել է, որ ինքը պահպանողական է եւ կպահպանի ԱԺ-ում արդեն ձեւավորված ավանդույթները: «Ես կպահպանեմ բոլոր այն , ավանդույթները, որոնք  արդեն մշակույթ են դարձել: Մի մոռացեք, որ ես մանկավարժ եմ, ուսուցիչ ու տնօրեն եմ եղել, իսկ մանկավարժները պահպանողական են՝ անկախ ազգային գաղափարախոսությունից»,-ընդգծել է նա: