Հայ ազգային կոնգրեսը բացառում է որեւէ համագործակցություն Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ : Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշել է, թե Հովիկ Աբրահամյանն իրենց համագործակցելու առաջարկով նամակ է ուղարկել, սակայն խմբակցությունը անհնար է համարում թե կառավարության, թե խորհրդարանական մեծամասնության հետ համագործակցությունը:

«Սերժ Սարգսյանն ի սկզբանե նոր կառավարության առջեւ երկու պայման է դրել: Առաջինը՝ կուտակային բարեփոխումը, երկրորդը՝ Տիգրան Սարգսյանին քննադատությունից անձեռնմխելիությունը: Բայց մենք պահանջում էինք ոչ թե Տիգրան Սարգսյանի ազատումը, այլ նրան իր կատարած իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելը»,- ասել է Մանուկյանը:

Վարչապետը ձեւավորում է ռեժիմը, իսկ ռեժիմը ամբողջությամբ խրված է կոռուպցիայի մեջ եւ ոչ ոք չի կարող կարգավորել իրավիճակը, նշել է նա: