Անցումը խորհրդարանական համակարգին զսպումների եւ հակակշիռների մեխանիզմներ կստեղծի, կապակենտրոնացնի իշխանությունը, գործադիրը պատասխանատվություն կկրի խորհրդարանի առջեւ, կոլեգիալ կառավարումը ճկուն, թափանցիկ կդարձնի պետական համակարգը: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին:
Նա իր ելույթում մասնավորաես, նշել է.
«Հանրապետության նախագահի ստեղծած մասնագիտական հանձնախումբը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ է մշակել: Փորձել են վեր հանել ներկայիս համակարգում առկա բացերն ու թերությունները եւ դրանք վերացնելու առաջարկներ ներկայացնել: Մի դեպքում՝ բարելավել գործող կիսանախագահական համակարգը, մյուս դեպքում՝ անցում կատարել խորհրդարանականի, քանի որ կիսանախագահականի պարագայում հնարավոր չէ բոլոր հարցերին լուծում տալ: Հայեցակարգի հիմնարար դրույթների վերաբերյալ իր անձնական մոտեցումներն է շարադրել Հանրապետության նախագահը:
Քաղաքական ուժերի մի մասը կարծում է, որ երկրում սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ կան, եւ սահմանադրական փոփոխությունները առաջնահերթություն չեն: Նրանք առաջարկում են հետաձգել հարցը՝ հանգուցալուծումը թողնելով ապագա ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք իշխանություններին:
ՀՅԴ մոտեցումն այլ է: Մենք կարծում ենք, որ առկա խնդիրների գլխավոր պատճառներից մեկը հենց կիսանախագահական մոդելի՝ մեր իրականության մեջ ձեւախեղված դրսեւորումն է, եւ պետք է արմատական բարեփոխմամբ անցում կատարել խորհրդարանական կառավարման:
Մենք համոզված ենք, որ իշխանության գերկենտրոնացումը վտանգավոր է ժողովրդավարական ավանդույթներ չունեցող երկրներում:
Մի մեջբերում ֆրանսիացի հայտնի սահմանադրագետ Վեդելից. «Մեծամասնության ղեկավարը լինելու դեպքում Ֆրանսիայի նախագահը իր ձեռքում կենտրոնացնում է ԱՄՆ նախագահի եւ Բրիտանիայի վարչապետի լիազորություններն ու իշխանությունը, իսկ համակարգը դառնում է ուլտրանախագահական»: Ասված է ճշգրիտ մեզ համար:
Անցումը խորհրդարանական համակարգին զսպումների եւ հակակշիռների մեխանիզմներ կստեղծի, կապակենտրոնացնի իշխանությունը, գործադիրը պատասխանատվություն կկրի խորհրդարանի առջեւ, կոլեգիալ կառավարումը ճկուն, թափանցիկ կդարձնի պետական համակարգը:
Քաղաքական ուժերին եւ հանրությանը մենք կոչ ենք անում՝ մինչեւ հուլիսի 1-ը ակտիվորեն ներգրավվել քննարկումներում եւ ապացուցել, որ խորհրդարանական կառավարումը, հավասարակշռելով եւ հասարակության դերակատարությունը մեծացնելով, իշխանության անընդմեջ վերարտադրություն թույլ չտալու իրական հնարավորություն է: Միայն այդպիսի ակտիվությունը մասնագիտական հանձնախմբի ինը անդամներին կթելադրի երկրի ապագայի հանդեպ պատասխանատու որոշում կայացնել:
Եթե այնուամենայնիվ նրանք կգնան կիսանախագահականը բարեփոխելու, մեր կարծիքով, կոսմետիկ եւ սխալ ճանապարհով, հուլիսի 1-ից հետո բոլորս միասին կարող ենք մերժել ու անտեղի համարել Սահմանադրական բարեփոխումները»:




























