Հայաստանի ու Եվրոպական Միության միջեւ ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը կարող է ստորագրվել, սակայն դրանում լուրջ ոչինչ չկա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե ինչպես այդ փաստաթղթի ստորագրում կարող է ազդել գործնական քաղաքականության վրա: Փաստաթուղթը, ընգծել է քաղաքագետը, կարող է ստորագրվել եւ դրա հետ մեկտեղ որեւէ նշանակություն չունենալ: «Կողմերը միմյանց հաղորդագրություններ են ուղարկում, սակայն կարծես չի քննարկվում, թե ինչ է դա նշանակում իրական քաղաքականության մեջ: Եվրոպացիները նույնպես փորձում են ամեն կերպ պահպանել Հայաստանի հետ հարաբերությունները», - ասել է Մանվել Սարգսյանը՝ հավելելով, որ երբ գա քաղաքական փաստաթուղթը ստորագրելու ժամանակը, պարզ կլինի, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ է կարծում: Նրա համոզմաբ սրանք ռեւերանսներ են, որոնց պետք չէ լուրջ վերաբերվել:
Հիշեցնենք, որ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը հայտարարել է, որ Երեւանը դեռ կարող է Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել նույնիսկ Մաքսային միությանն անդամակցելուց հետո՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ փաստաթուղթն այլ անվանում կունենա, քանի որ «Ասոցացման համաձայնագիրը» վերաբերում է համագործակցության այլ շրջանակների:




























