«AM» իրավաբանական ընկերության ղեկավար, Երևանի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանը Yerkir.am-ի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է արդարադատության նախարարի պաշտոնում իր նշանակման հնարավորության մասին տեղեկությունը։
Հարցին, թե արդյոք նման առաջարկություն արվել է, կամ որեւէ ձեւաչափով հարցը քննարկվել է, Գրիգոր Մինասյանը պատասխանել է. «Նման հարցի քննարկումն իմ կողմից նվազագույնը անհամեստություն կլինի: Ով էլ լինի նախարարը, վստահաբար ծանր պատասխանատվություն է ստանձնելու, քանի որ այսօր երկրի ղեկավարության կողմից լուրջ խնդիրներ են դրված հենց այս գերատեսչության և դրա ղեկավարների առջև»:
Նշենք, որ Armlur.am-ը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքները, կարծես, մոտենում են ավարտին, եւ չի բացառվում, որ նախարար նշանակվի Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի մյուս որդին՝ Գրիգոր Մինասյանը։




























