«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի կալանքը երկու ամսով նորից երկարաձգվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
«Պատճառաբանեցին, թե քրեական գործ է հարուցվել, իսկ իրենք ժամանակ չեն ունեցել գործին ծանոթանալու, դրա համար են երկարացնում ժամկետը»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ քաղբանտարկյալը դիմում էր գրել դատավորին՝ հայտնելով, որ չի ցանկանում մասնակցել նիստին, քանի որ «այս ամենը պատվիրված է ռուսական ԿԳԲ-ի կողմից»:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: Գործի նախաքննությունն ապրիլի 4-ին ավարտվել է:



























