Ֆիդել Կաստրոն եւ Կուբայի այլ ղեկավարներ Ռուսաստանին աջակցություն են հայտնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հավանայում բանակցություններ է վարել Կուբայի քաղխորհրդի ներկայիս ղեկավար Ռաուլ Կաստրոյի եւ եւ Կուբայի իր գործընկեր Բրունո Ռոդրիգեսի հետ, ինչպես նաեւ «ոչ պաշտոնական զրույցել է ունեցել» Կուբայի հեղափոխության առաջնորդ  Ֆիդել Կաստրոյի հետ։ 

«Կուբան հաստատել է Ռուսաստանի դիրքորոշման իր աջակցությունը՝ Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ, կտրականապես դեմ արտահայտվել «երկակի ստանդարտներին» եւ պատժամիջոցներին», — ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։
Կուբան այն 10 երկրների շարքում էր, որոնք աջակցել էին Ռուսաստանի դիրքորոշմանը՝ ՄԱԿ-ում ՌԴ-ի կողմից Ղրիմի բռնակցումն ապօրինի ճանաչող բանաձեւի քվեարկության ժամանակ։

Այցը սկսելուց առաջ Լավրովն ընդգծել էր, որ Ռուսաստանը համաձայնել է  չեղյալ հայտարարել Կուբայի պարտքի 90%-ը՝  29 միլիարդ դոլար։ Մնացած 10%-ը նույնպես կմնա երկրում եւ կներդրվի Կուբայի տնտեսությունում, վստահեցրել էր նախարարը։ Ըստ Լավրովի՝ պարտքը չեղյալ հայտարարելու մասին 2013 թ. ստորագրված համաձայնագիրն այժմ վավերացման եզրափակիչ փուլում է, փոխանցում է «Ռոսբալտը»։  

Կուբայի ընդհանուր պարտքը Ռուսաստանին կազմում է 32 միլիարդ դոլար, որը նրան դարձնում է Ռուսաստանի խոշորագույն պարտապանը, իսկ այդ պարտքը չեղյալ հայտարարելը ռեկորդային է։