Լոռու մարզում ապրիլի 21-ից անհետ կորած 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանին գտնելու համար ոստիկանության Ստեփանավանի բաժանմունքից դիմել է Վրաստանի իրենց գործընկերներին, քանի որ հնարավոր է՝ Վլադիմիր Մկրտչյանը սահմանն անցած լինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Արսեն Աղումյանը:

«Վրաստանի հետ սահմանն ընդամենը 3-4 կիլոմետր է, չի բացառվում, որ մեքենա նստած լինի ու սահմանն անցած լինի: Նկարներն ուղարկել ենք Վրաստանի մեր գործընկերներին, սակայն դեռ նորություն չկա: Բացի դրանից Վլադիմիր Մկրտչյանը 20-25 տարի աշխատել է Թբիլիսիում, այնպես որ այդ տարբերակն էլ բացառել չի կարելի»,- ասաց նա:

Արսեն Աղումյանի խոսքով՝ այսօր առավոտյան նորից վերսկսվել են որոնողական աշխատանքները: Թե ուր կարող է անհետացած լինել Օդեսայից վերջերս վերադարձած ծերունին, տարբեր վարկածներ կան:

«Եթե սահմանը չի անցել, ուրեմն հնարավոր է գետն ընկած լինի, դրա համար այսօր գետում հատուկ սարքերով որոնումներ են անցկացնելու: Հնարավոր է նաեւ մեծ արջ կամ գայլ տարած լինի»,- ավելացրեց Աղումյանը:

Նշենք, որ բացի ոստիկաններին եւ փրկարարներից՝ Վլադիմիր Մկրտչյանին փնտրում են, հարազատները, Օդեսայից վերադարձած երեխաները եւ առհասարակ ամբողջ Սվերդլով գյուղը:

Հիշեցնենք, որ 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանը վերջերս էր Հայաստան վերադարձել ու ապրիլի 21-ին գնացել էր Լոռու մարզի Սվերդլով գյուղ՝ ծնողների շիրիմին այցելության եւ մանկությունն անցկացրած տարածքներում շրջելու, որից հետո անհետացել էր: Արդեն ութերորդ օրն է, որ նրան փնտրում են: