Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա մարտին Երեւանում բնակարանների առք ու վաճառքի գործարքների թիվը, տարեկան կտրվածքով, աճել է 8,4 տոկոսով: Այդ նույն ժամանակաշրջանում մայրաքաղաքի բնակարանների մեկ քմ-ի միջին շուկայական գինն աճել է 0,4 տոկոսից (Կենտրոն վարչական շրջան) մինչեւ 4,7 տոկոսի (Նուբարաշեն):

Առանց Նուբարաշենի ցուցանիշի, գների ամենաբարձր աճը (2,1 տոկոս) արձանագրվել է Մալաթիա-Սեբասիտիա վարչական շրջանում:
Ինչպես հայտնի է, որ անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներում լայնորեն կիրառվում է դոլարը, ուստի դոլարի փոխարժեքի կտրուկ փոփոխություններն անմիջականորեն ազդում են բնակարանների գների անվանական արժեքի վրա՝ դրամով: Նախկինի համեմատ, այդ գործոնի դերը նվազել է: Օրինակ, մարտին, տարեկան կտրվածքով, դոլարի փոխարժեքի անկումը կազմել է խորհրդանշական 0,1 տոկոս:

Հետաքրքրական է մարտին բնակարանների գների պաշտոնական տվյալների համեմատությունը համացանցում առաջարկվող բնակարանների գների հետ: Վերցնենք Կենտրոն վարչական շրջանը. Այստեղ մեկ քմ-ի միջին շուկայական արժեքը կազմում է 1271 դոլար, ինչը 238 դոլարով (կամ 23 տոկոսով) բարձր է պաշտոնական ցուցանիշից:
Հասկանալի է, որ տարբերություն կա հայտարարություններում նշվող բնակարանների գների եւ իրականում կատաևրվող գործարքների գների միջեւ: Հասկանալի է նաեւ, որ հաջող վաճառվում են այն բնակարանները, որոնք իրենց գնով բավարարում են գնորդների մեծ մասին:
Հայտարարություններում, որոնցում նշված է «շտապ», բնակարանների գները տատանվում են 1մեկ քմ-ի համար 840-970 դոլարի սահմաններում: Ընդ որում, չի բացառվում, որ գնորդի ու վաճառողի միջեւ քննարկումների արդյունքում գինը կարող է նվազել: Հենց դա էլ «սովորական» բնակարանների իրական գինն է:

Նկատենք, որ այդ «էժան» բնակարանները շատ հարմար են ու կբավարարեն ամենանախանձախնդիր գնորդին: Դրանք գտնվում են քաղաքի կենտրոնական փողոցներում, կապիտալ վերանորոգված են, գազիֆիկացված, կա ջեռուցման համակարգ եւ այլն:

Ստորեւ բերված գների աղյուսակում գները ներկայացված են կլորացված, իսկ գների հավելաճը ներկայացված է տասնորդական տոկոսներով: