Կանադան Ղրիմում եւ Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրադրության հետեւանքով Հյուսիսատլանտյան դաշինքի օդային պարեկությունն ուժեղացնելու առաքելության շրջանակում վեց CF-18 տիպի կործանիչ է ուղարկել Ռումինիա: Քայլը ձեռնարկվել է «Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում անվտանգության եւ կայունության ապահովման նպատակով», հաղորդում է Ukrinform-ը:
Հիշյալ առաքելությանը ընդհանուր առմամբ մինչեւ 250 կանադացի զինվորականներ են մասնակցելու:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Կանադան նաեւ որոշում է ընդունել Հյուսիսատլանտյան դաշինքի գործողությունների շրջանակում Լեհաստանի ուղղությամբ եւս վեց կործանիչ եւ ցամաքային զորակազմ ուղարկելու մասին: Վարշավայի խնդրանքով մինչեւ ընթացիկ տարվա վերջ Լեհաստանում են գտնվում նաեւ 12 ամերիկյան CF-16 կործանիչներ եւ 300 զինվորականից բաղկացած սպասարկող անձնակազմ: Միացյալ Նահանգները մտադիր են նաեւ ի պատասխան ռուսական ագրեսիայի Լեհաստանում ցամաքային զորքերի ստորաբաժանումներ տեղակայել: Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակի վաշինգտոնյան այցի ընթացքում:


























