Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող անօրինությունների վերաբերյալ ոստիկանության տվյալներով քրեական գործ հարուցվել է ապրիլի 11-ին, սակայն փաստաբան Տիգրան Հայրապետյանը խիստ կասկածներ ունի, որ այն հարուցվել է ընդամենը ապրիլի 29-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության աշխատակիցների եւ երեխաների շահերը պաշտպանող Տիգրան Հայրապետյանը:

«Կասկածում եմ, որ ապրիլի 11-ին գործը չի հարուցվել, այլ երեկ կամ մի քանի օր շուտ: Այսպես եմ մտածում, որովհետեւ եթե գործ հարուցված լիներ, ապա պետք է քննություն լիներ, երեխաներին եւ ուսուցիչները հարցաքննված լինեին, վերջ ի վերջո քննիչը պետք է հաստատության այցելած լիներ, բայց նման բան չի եղել: Ավելին ասեմ՝ մինչեւ երեկ ես անընդհատ ոստիկանությունից եւ Գլխավոր դատախազությունից ճշտել եմ, որ գործ հարուցված չի եղել»,- ասաց նա:

Գործը հարուցվել է մամուլի հրապարակումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Մինչդեռ փաստաբանը համոզված է, որ այլ հատկանիշներով գործ պետք է հարուցվեր. «Եթե մամուլի հրապարակումների հիման վրա են գործ հարուցել, ապա առաջնային պետք է լիներ երեխաներին ծեծելը, փաստաթղթերի կեղծելը, բռնի գործողություններ կատարելը: Ամեն դեպքում դրական եմ համարում գործ հարուցելը, մնում է, որ նախաքննական մարմինն օբյեկտիվ քննություն կատարի»:

Չնայած գործը հարուցված է, ոչ մեկին դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ ապրիլի 4-ին բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ: Լրատվամիջոցները եւ սոցիալական կայքերը արագ արձագանքել են դրան, այցեր կատարել հաստատություն ու հարցազրույցներ վերցրել աշխատակիցներից ու երեխաներից: