Օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանը շատ շուտով, հնարավոր է նույնիսկ մինչեւ մայիսի 10-ը լինի Հայաստանում:
Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Աշոտ Սուքիասյանի արտահանձնման մասին միջնորդությունը մտել է օրինական ուժի մեջ, քանի որ նա չի բողոքրակել այդ որոշումը: «Սա նշանակում է, որ որեւէ այլ իրավական գործողություն չկա, մնացել է միայն տեխնիկական հարցը, որը կազմակերպվում է հատուկ ծառայությունների միջոցով, մասնավորապես՝ ոտսիկանության կազմում գտնվող եւ այդ հարցով զբաղվող ստորաբաժանման միջոցով»,- հայտնեցին վարչությունից:
Ըստ Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի՝ արտահանձնման գործողությունը կազմակերպելը տեւում է 2 շաբաթ, բայց հանձնող կողմը կարող է ինչ-ինչ հանգամանքներից ելնելով այն երկարացնել, օրինակ՝ կախված տվյալ անձի առողջական վիճակից եւ այլն:
Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: Նա հայտնաբերվել է հունվարի վերջին Թբիլիսիում: Hetq.am-ը հաղորդել էր, որ Թբիլիսիի կենտրոնական դատարանն ապրիլի 15-ին բավարարել է օֆշորային սկանդալում ներգրավված , գործարար Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը: Դատական նիստը տեւել է 1 45 րոպե: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել գործարար Աշոտ Սուքիասյանը եւ խնդրել է իրեն արագ տեղափոխել Երեւան, քանի որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կնոջը ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ են ուղարկում: Աշոտ Սուքիասյանի արտահանձնման օրը դեռեւս հայտնի չէ:
Ըստ Վրաստանում գործող օրենսդրության՝ Աշոտ Սուքիասյանը, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարող է մնալ Վրաստանում բանտարկված երեք ամիս: Ապրիլին լրանում է նրա բանտարկության երեք ամիսը, եւ եթե մինչեւ ապրիլի վերջ Աշոտ Սուքիասյանին չտեղափոխեն ՀՀ (փաստաթղթերի ոչ պատրաստ լինելու պատճառով), ապա նրա փաստաբանը կարող է դիմել պատկան մարմիններին՝ խնդրելով հնարավորություն տալ Աշոտ Սուքիասյանին եւս երեք ամիս գտնվել Վրաստանում: Այդ երեք ամիսների ընթացքում հնարավորություն կտրվի ամբողջական տեսքի բերել Ա. Սուքիասյանի փաստաթղթերը:




























