Մայիսի 14-15-ը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու CTS 2010 ամենամյա 10-րդ Միջազգային Զբոսաշրջային Ցուցահանդեսը: Այն կազմակերպվում է Ճամփորդական գործակալների հայկական միության (AATA) և Ճամփորդական գործակալների ամերիկյան միության (ASTA) հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո:
CTS 2010 զբոսաշրջության ցուցահանդեսն ուղղված է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը և ցուցահանդեսին մասնակցում են մեծ թվով ընկերություններ Թուրքիայից, մասնավորապես՝ Վան նահանգից, Վրաստանից, ինչպես նաև Թունիսից:
Ցուցահանդեսը հետապնդում է հետևյալ կարևորագույն նպատակները՝
1. խթանել ներգնա և տարածաշրջանային զբոսաշրջությունը՝ ցուցահանդեսի շրջանակներում օտարերկրյա տուր-օպերատորների համար ճանաչողական շրջայց կազմակերպելու միջոցով (Վրաստան, Թուրքիա),
2.զարգացնել և ամրապնդել հարաբերությունները Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի զբոսաշրջության ոլորտի ընկերությունների և հասարակական կազմակերպությունների միջև՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների համատեղ մշակման, գովազդման և վաճառքի համար,
3.խթանել ներքին (մարզային) զբոսաշրջությունը.
4. տեղեկացնել հասարակությանը, պոտենցիալ հաճախորդներին, մասնագետներին, պաշտոնյաներին և մյուս շահագրգիռ կողմերին՝ զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումների մասին և ստեղծել ֆորում զբոսաշրջության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի համար,
5. Հայաստանի բնակչությանը ընձեռել հնարավորություն՝ արձակուրդները մատչելի և որակյալ պլանավորելու համար:




























