Չորս խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների նիստի ընթացքում չի քննարկվել ԱԺ նախագահի ընտրությանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող պատգամավորների քվեարկության հարցը: Այս մասին ապրիլի 30-ին, չորս խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների նիստից հետո լրագրողների հետ ամփոփիչ զրույցին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով, քառյակը խորհրդարանի նախագահի ընտրության քվեարկության հարցի շուրջ ընդհանուր օրակարգ չի ունեցել: «Այդ հարցով համընդհանուր որոշում չի կայացվել: Եվ քվեարկության արդյունքներն էլ չեն քննարկվել այն հիմնավորմամբ, որ դա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներքին գործն է. նրանք ազատ են եղել քվեարկելիս»,- ասել է Ռուբեն Հակոբյանը:
Ի պատասխան հարցի, թե ինչու այդչափ կարեւոր խնդրի շուրջ քառյակի համընդհանուր որոշում չի կայացվել, Հակոբյանը նշել է, որ այն, այնուամենայնիվ, մասնակիորեն քննարկվել է: «Հարցերը, որոնք քառյակի մեջ հակասությունների եւ տարաձայնությունների պատճառ կարող են դառնալ, չեն քննարկվում: Մեր մոտեցումն այն է, որ քառյակը պետք է շարունակի համագործակցությունը, որովհետեւ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ կան»,- ասել է նա:
Դիտարկմանն ի պատասխան, թե խորհրդարանի նախագահի ընտրության քվեարկությունը քաղաքական ուժերի իրական դիրքորոշումը ցույց տվեց, Ռուբեն Հակոբանը նշել է, թե էթիկայի նորմերից դուրս է համարում քառյակի անդամ կուսակցությունների քվեարկությանը գնահատական տալ: «Շրջանառվող գնահատականները խիստ քննադատական են, ինչը ես չէի կիրառի խորհրդարանի նախագահի ընտրության քվեարկության առնչությամբ»,-հավելել է հայտնել խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին 101 ձայնով ՀՀ ԱԺ նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը: Ինքնառաջադրված թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկել են երեք պատգամավորներ` ինքը` Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները ներկայացնող պատգամավորները գործնականում ողջ կազմով կողմ են քվեարկել իշխանության թեկնածուին, իսկ «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսը եւ ՀՅԴ-ն ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը:




























