Ես չեմ համարում, որ սահմանադրական փոփոխություն նշանակում է Սարգսյանին փոխարինել Աբրահամյանով: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհհանիսյանը` անդրադառնալով վարչապետի փոփոխությանը:
Անդրադառնալով ոչ իշխանական քառյակի գործունեությանը, այդ թվում ԱԺ նախագահի ընտրության ժամանակ ոչ միասնական դիրքորոշմանը, նա ասաց. «Ես երբեք քառյակ եզրը չեմ օգտագործել: Ողջունել եմ աննախադեպ համագործակցությունն ԱԺ-ում, եւ հույս ունեմ, որ դա կխորանա: Բայց ակնհայտ է, որ գործ ունենք ինքնուրույն ուժերի հետ, որոնք օրակարգերը տարբեր են: Ես հույս ունեի, որ միասնական հրապարակը կաշխատի, բայց դեռ դա չկա: Ես սիրով կսպասեմ կառավարության ծրագրի ներկայացմանը մայիսին: Եթե այդ ծրագրի շուրջ չլինի միասնական դիրքորոշում, այդ ժամանակ իմ գնահատականը կտամ»:
Նրա խոսքով` ցավալի է, որ ԱԺ նախագահի ընտրության քվեարկության ժամանակ չկար միասնական մոտեցում: «Դա առաջին ահազանգն է, բայց գլխավորը լինելու է կառավարության ծրագրի վերաբերյալ այդ ուժերի դիրքորոշումը: Եթե այդ ժամանակ էլ չլինի միասնական դիրքորոշում, այդ դեպքում իմ գնահատականը կտամ:
Այդ ուժերը ժողովրդին խոստացել են միասնական հրապարակ եւ համակարգային փոփոխություններ եւ դրանք պետք է կատարվեն մայիս ամսին»,- ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























