Հայ արիների միաբանության (ՀԱՄ) Գերագույն խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի նախաձեռնությամբ դեռ ամիսներ առաջ սկսվել էր հեթանոս Քրմական դասի ձեւավորման գործընթաց: ՀԱՄ-ի եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) պատասխանատուները շարունակում են այդ աշխատանքները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀԱՄ-ի լրատվական կենտրոնից, Երեւանում արդեն կան քրմերի թեկնածուներ, ովքեր մի քանի ծեսեր են անցկացրել (Գառնիում, Էրեբունիում, Կարմիր Բլուրում…):

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ընդլայնված վերջին նիստում քննարկվել են ՀՀ մարզերում, (Աբովյանում, Չարենցավանում, Կապանում, Արարատում, Գյումրիում, Վանաձորում եւ այլ քաղաքներում), Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքում (մասնավորապես՝ Վրաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իրանում, Ռուսաստանում, Լիբանանում եւ այլն) քրմերի թեկնածուների առաջադրման եւ հեթանոս-արիադավան համայնքների ստեղծման հարցերը:

Ինչպես ՀԱՀ Խորհրդի, այնպես էլ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի անդամներն անդրադարձել են Երեւանում Արիական գլխավոր տաճարի կառուցման նախաձեռնության ընթացքին:

Բացի այդ, քննարկվել են Իրանի, Ռուսաստանի (առհասարակ՝ սլավոնական ուղղության), Հնդկաստանի եւ Հունաստանի արիների հետ կապերի ամրապնդումը, օս-ալանների, տաջիկների, արաբական որոշ երկրներում բնակվող, նաեւ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների արիների հետ հարաբերությունների ամրապնդումը: Արծարծվել է նաեւ Երեւանում Համաարիական համաժողով անցկացնելու հարցը, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների եւ ընդդիմադիր ուժերի հետ հարաբերությունների հարցը: