Գլխավոր իրադարձությունը ապրիլի 24-ին Թաքսիմի հրապարակում կայացած միջոցառումն էր, երբ մի քանի հազար մարդ ոգեկոչեցին մեր զոհերի հիշատակը: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհհանիսյանը:
Նա տեղեկացրեց, որ Ստամբուլում հանդիպել է Պոլսո երիտասարդության հետ, բազմաթիվ հարցազրույցներ է տվել:
«Իհարկե, իրադարձությունների մեխը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունն էր, որը թեեւ խուսափեց ցեղասպանություն եզրից, բայց ցավակցություն հայտնեց հայերի զոհերի համար: Դա դրական գնահատվեց Պոլսո երիտասարդության կողմից, որոնք հույս ունեն, որ սա նոր պատուհան է բացում իրենց համար:
Ես կարծում եմ, որ սա Թուրքիայի ժխտողականության վերափաթեթավորված տեսակն է,որը լավ է հնչում արեւմտյան ականջների համար: Սա վնասների նվազեցմանն ուղղված քայլ էր, որպեսզի երեւա, որ Թուրքիայում կա փոփոխություն: եթե այդ փոփոխությունն անկեղծ է, ապա մինչեւ հարյուրամյակը մենք կտեսնենք այլ քայլեր»,-ասաց նա:
Անդրադառնալով «Ալ Ջազիրային» տված իր հարցազրույցին, Հովհաննիսյանը նկատեց. «Ես բոլորին ասել եմ, որ միջոցներից մեկը, որ Թուրքիայի կառավարութւունը կարող է նախաձեռնել ցեղասպանության ճանաչման ճանապարհին, այն է, որ առանց քաղաքացիության շնորհման կամ ձեռքբերման դեպի ազգային օջախ վերադարձի ծրագրի իրականացում լինի նրանց համար, որոնք ցեղասպանության ժամանակ հայրենիք են կորցրել: Նրանց ժառանգները պետք է հատուկ կարգավիճակով իրավունք ունենան վերադառնալ իրենց հայրենիք»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























