ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆին: Հուշադրամը թողարկվել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային ծրագրի շրջանակում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է «KINGS OF FOOTBALL» մակագրությամբ եզրագծված թագ, որը պահպանում են երկու առյուծներ: Պատկերի ներքևի մասում ֆուտբոլի գնդակ է: Ներքևի կիսաշրջանում նշված է հուշադրամի անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ», որից ներքև ՀՀ զինանշանն է: Զինանշանի երկու կողմում թողարկման տարեթիվն է` ձախում «20», աջում` «10»: Զինանշանից աջ ներքևում Լեհաստանի դրամահատարանի առևտրային նիշն է: Եզրաշուրթի շրջագծով վերևում` հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսին հոլանդական դրոշի գունային ֆոնի վրա Յոհան Կրուիֆի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է: Դիմապատկերից ձախ եզրաշուրթի մոտ ձևավորող հեղինակի խորագիրն է: Ներքևում եզրաշուրթի մոտ Յոհան Կրուիֆի ստորագրությունն է: Վերևում եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված է «JOHAN CRUYFF»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:

Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է, Մետաղը և հարգը` արծաթ, 925 + 50, զանգվածը` 28,28 + 0,25 գ, տրամագիծը 38,61 + 0,15 մմ, դրամաշուրթը` հարթ, տպաքանակը` մինչև 20000 հատ: