Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Օմեր Չելիքը հայտնել է, որ Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ֆեթուլլահ Գյուլենի նկատմամբ։

Թուրքական Radıkal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Օմեր Չելիքը նշել է, թե Ֆեթուլլահ Գյուլենի դեմ հետաքննության արդյունքը Թուրքիայի կայունության համար կարեւոր է եւ այն պետք է հետաքննել որպես ազգային անվտանգության հարց։

Ntvmsnbc-ի կայքի փոխանցմամբ՝ Գյուլենի դեմ հետաքննությունն իրականացնելու են «Սահմանադրության դեմ իրականացվող հանցանքներ» բաժնի դատախազները։ Հետաքննությունն ընթանում է «Թուրքիայի հանրապետության կառավարությունը վերացնելու կամ նրանց պարտականությունները սահմանափակելուն կամ խափանելուն ուղղված փորձ» եւ «կառույց ստեղծել եւ ղեկավարել» մեղադրանքներով։

Նշենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։