Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը տեղացած անձրևների հետևանքով Լոռու մարզի Ձորագետ-Ձորագյուղ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոճանապարհի` 70 մ երկարությամբ և 6,5 մ լայնությամբ փլուզում, իսկ ավտոճանապարհի 1,5 մ լայնությամբ հատվածը դարձել է ոչ երթևեկելի:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ավտոճանապարհի մաքրման համար Լոռու ՃՇՇ-ի կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Լոռու մարզպետարանը:

Մայիսի 4-ին ժամը 15.30-ին Արագածոտնի մարզի Եղիպատրուշ համայնքից տեղեկություն է ստացվել, որ տեղացած երկարատև անձրևներից «Երոյի» եւ «Դարխախտ» կոչվող հանդամասերում տեղի է ունեցել սողանք, որի հետևանքով քանդվել է համայնքին պատկանող ոռոգման արտաքին ցանցի 35-40 մ երկարությամբ երկաթբետոնյա խողովակաշարը, որով ջուր չի հոսում:

Վնասի չափը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով: