Ուսուցիչները առայժմ կարող են չմասնակցել կենսաթոշակային կուտակային համակարգին, ապրիլի 30-ին լրագրողներին հայտնել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ Կրթության եւ գիտության նախարարության այն աշխատակիցները, որոնք դիմում կներկայացնեն՝ իրենցից կուտակային պահումներ չանելու խնդրանքով, պահումները չեն արվի՝ սկսած ապրիլի աշխատավարձից: Նախարարը հայտարարել է, որ երեկ ընդունել էր կրթության եւ գիտության նախարարության մոտ բողոքող ուսուցիչներին:
Նա հավելել է, որ նախկին կառավարության օրոք կազմված ձեւը կարելի է համարել նոր իրողություններով փոխարինված: «Նոր կառավարության անունից խնդիրները ներկայացրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա հայտարարությունից հետեւում է, որ դե ֆակտո պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումները դադարեցվել են», - ընդգծել է Աշոտյանը:




























