Ոլորտի ծրագրային խնդիրները պարզելու համար որոշ ժամանակ է հարկավոր: Այս մասին ապրիլի 30-ին` ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը: Այդ նկատառումներով նա ժամանակ է խնդրել կառավարության ղեկավարից:
Հարցին ի պատասխան, թե արդյոք պատրաստվում է նախորդ նախարարի` Դերենիկ Դումանյանի կադրերից ազատվել, Մուրադյանը հայտնել է, որ կադրային փոփոխությունների մտադրություն չունի, քանի դեռ չի ծանոթացել նախարարության ծրագրերին: «Ոլորտի խնդիրները շատ լավ գիտեմ, եւ հարցերի մշակումն ավարտին հասցնելուց հետո գործողությունների հստակ ծրագիր եմ կազմելու»,- հայտարարել է Մուրադյանը:
Հիշեցնենք, որ 2012թ. Արմեն Մուրադյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում: 2009-2013թթ. նա նաեւ հայկական ուռոլոգիական ասոցիացիայի նախագահն է եղել: Առողջապահության նախարար է նշանակվել 2014թ. ապրիլի 23-ին:




























