Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանին Կադաստրի պետական կոմիտեի նախագահ նշանակվելու առաջարկ չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարտին Սարգսյանը:

«Պաշտոնապես նման առաջարկ, քննարկում չի եղել, երբ որ կլինի, այդ ժամանակ կմտածենք, հիմա առայժմ նման բան չկա»,- նշեց նա:

Նա նշեց, որ ինքը որեւէ խնդիր չունի այլ տեղում աշխատելու, այդ հարցերը որոշում է կուսակցության ղեկավարը՝ վարչապետի հետ միասին: «Երբ որ կառաջարկվի, այդ ժամանակ կմտածեմ եւ կասեմ, նման բան առայժմ չկա, որեւէ առաջարկություն չեմ ստացել»:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի՝ Էներգետիկայի նախարար նշանակվելուց հետո այդ պաշտոնը զբաղեցնելու է Մարտին Սարգսյանը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am