Որպես քաղաքացի եւ քաղաքական գործիչ կարող եմ միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին: Այս մասին ՀՀ կառավարության ապրիլի 30-ի նիստից հետո լրագրողներին հայտնել է կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով երեկ կայացած քվեարկություն արդյունքում խորհրդարանի նախագահի պաշտոնին Գալուստ Սահակյանի ընտրությունը:
Հարցին ի պատասխան, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Գալուստ Սահակյանի օգտին են քվեարկել նաեւ ԲՀԿ-ն եւ «Օրինաց երկիրը», եւ դրանից հետո որքան կարելի է նրանց ընդդիմադիր համարել, Աշոտյանը նշել է, որ այդ դեպքում նույն հարցը կարելի է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին եւ «Ժառանգությունից» նրա գործընկեր Ալեքսանդր Արզումանյանին ուղղել: Չնայած ոչ իշխանական ուժերի քառյակը հայտարարել էր, թե չի մասնակցելու քվեարկությանը, այդ երկու պատգամավորներն ամեն դեպքին քվեարկեցին, ճիշտ է` Գալուստ Սահակյանի դեմ, եւ ի օգուտ ՀԱԿ-ը պատգամավոր Հրանտ Բագրատյանի:
«Ամեն դեպքում, քառյակի հայտարարության մեջ չէր ասվում, թե հարկավոր է Գալուստ Սահակյանին դեմ քվեարկել: Ասվում էր, որ հարկավոր է չքվեարկել: Կարիք չկա «թյունինգի» ենթարկել այն բառերը, որոնք ես շատ լավ եմ լսել: Եվ այդուհանդերձ, անձամբ ես բարձր եմ գնահատում Արզումանյանի եւ Փաշինյանի արարքը»,-նշել է Աշոտյանը: Նրա խոսքով, բոլոր քաղաքական գործընթացներին մասնակցություն բերելը հրամայական է քաղաքական գործչի համար, նույնիսկ եթե նա համաձայն չէ արդյունքների հետ:




























