ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը մայիսի 4-ին հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ` քննարկելու արդարադատության համակարգի բարեփոխումները` ներառյալ վերջերս ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ կողմից հրատարակված դատավարությունների դիտարկման մասին զեկույցում ամփոփված առաջարկների իրագործումը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, Կապինոսը բարձր է գնահատել Գլխավոր դատախազի կառուցողական մոտեցումը առաջարկներին: «Մենք շատ ուրախ էինք իմանալ, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցի առաջարկների մի մասը անմիջապես ընդունվել է, և հասկանում ենք, որ որոշ առաջարկներ ժամանակ են պահանջում իրականացնելու համար: ԵԱՀԿ գրասենյակը պատրաստ է աջակցել ՀՀ դատախազության, Արդարադատության նախարարության և Վճռաբեկ դատարանի ջանքերին»,-ասել է նա:
Դատախազ Աղվան Հովսեփյանն իր հերթին ասել է, որ արդեն նախատեսվում են որոշ գործողություններ` զեկույցի առաջարկների իրականացման ուղղությամբ:
Դեսպան Կապինոսը, բարձր է գնահատել ՀՀ դատախազության ձեռնարկած գործողությունները` հետաքննելու ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանի` ոստիկանության բաժանմունքում արգելանքի տակ գտնվելու ժամանակ մահվան դեպքի հանգամանքները: Նա նաեւ ողջունել է Գլխավոր դատախազի երաշխավորած նախաձեռնությունը՝ ուսումնասիրել լրագրողների նկատմամբ բռնությունների մասին բողոքներ ներառող դեպքերը, ինչպես նաև բարձրացնելու դատախազության դերը ոստիկանության պատասխանատվության մեխանիզմներում, որը նաև ԵԱՀԿ աջակցությամբ վերջերս հրապարակված զեկույցում դիտարկվող խնդիրներից է:




























