Կառավարության հետ համագործակցելու ՀԱԿ-ի մերժումը  կապված չէ Հովիկ Աբրահամյանի անձի հետ: Այս մասին խորհրդարանում ապրիլի 30-ին հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով  վարչապետ Հովիկ Աբրահամյանին: «Ձեր անձի հետ դա կապված չէ, պատճառը քաղաքական հարցերն են», - հավելել է նա:

Նախորդ վարչապետին պետք է պատասխանատվության ենթարկել օֆշորային գործարքի համար, հավելել է նա: «Մենք նրա հրաժարականն էինք պահանջում ոչ թե նրա համար, որ նա Տիգրան Սարգսյանն է, այլ որ նրա անվան հետ մի շարք սկանդալներ են կապված:  Այո, սկանդալներ: Տիգրան Սարգսյանին հաջողվեց դա անել՝ օգտագործելով վարչապետի աթոռը», -հայտարարել է Մանուկյանը:

Պատասխան խոսքում վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Տիգրան Սարգսյանի մասնակցությունն օֆշորային գործարքում ապացուցված չէ: «Ճիշտ չեմ համարում իրավական գնահատականներ տալը: Նման հայտարարություններն ապացուցված չեն: Եթե ապացուցվեն, ապա իհարկե, նման արարքները պտք է դատապարտվեն: Սակայն ոչ մի նման փաստ չկա», - հայտարարել է Աբրահամյանը: