Հաշվիչ հանձնաժողովը հաշվել է այն, ինչ եղել է քվեատուփում, իսկ այնտեղ եղել է Հրանտ Բագրատյանին կողմ երեք քվեաթերթիկ, իսկ երկուսն էլ անվավեր են ճանաչվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հաշվիչ հանձնաժողովի հանրապետական նախագահ Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի այն հայտարարությանը, թե իրենցից մի քանիսը կողմ են քվեարկել Հրանտ Բագրատյանին:

«Մենք հաշվել ենք այն, ինչ եղել է քվեատուփում: Այսօր Հրանտ Բագրատյանն էլ հաստատեց, որ ես անձամբ իրեն հրավիրել եմ մասնակցելու, որ հետագայում խոսակցությունների տեղիք չտա, ես ասել եմ, որ եթե ցանկություն ունեք, եկեք մասնակցեք, որպեսզի հետո պրոբլեմներ չլինեն: Հիմա ես ի՞նչ անեմ, որ այդ է եղել քվեարկության արդյունքները»,- ասաց նա:

Թե ինչու է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պնդում, որ իրենց պատգամավորներից մի քանիսը կողմ են քվեարկել ինքնաառաջադրված թեկնածուին, Սուքիաս Ավետիսյանը խորհուրդ է տալիս «իրար մեջ որոշել, թե ով է կողմ քվեարկել, ով դեմ»: Ի դեպ, քվեարկությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեցին, որ կողմ են քվեարկել Հրանտ Բագրատյանին:

«Ուղղակի գեղեցիկ չէ, իրենք չեն մասնակցում աշխատանքներին, իսկ հետո ասել, թե մենք էդպես ենք քվեարկել: Լավ է, որ Հրանտ Բագրատյանն ինքն էլ ամբիոնից հայտարարեց, որ մասնակցելու հրավեր է ստացել: Դրանից ավել մենք ի՞նչ անեինք: Դահլիճում քվեաթերթիկները մեկ-մեկ հանեինք, որ մարդիկ հասկանային՝ հաշվիչ հանձնաժողովը որեւէ խնդիր չունեն»,- ավելացրեց նա՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ն իրավունք ուներ մասնակցելու աշխատանքներին, սակայն հրաժարվել է:

Նշենք, որ ապրիլի 29-ին 101 կողմ ձայնով ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, իսկ ինքնաառաջադրված ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ստացավ ընդամենը երեք ձայն: Այս քվեարկությունից հետո մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ «հրաշալի քառյակի» ապագան վտանգված է, քանի որ քառյակի անդամ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել Գալուստ Սահակյանի թեկնածությանը: Մինչդեռ արդեն այսօր առավոտյան ԲՀԿ-ական Վահան Բաբայանը հայտարարեց, որ ինքը կողմ է քվեարկել Հրանտ Բագրատյանին, իսկ Տիգրան Ուրիխանյանն էլ կասկածի տակ դրեց քվեարկության արդյունքները: Հարկ է նշել, որ ԲՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչները, մասնավորապես «Բելաջիոյի Գրիշը»՝ Գրիգորի Մարգարյանը հենց քվեարկությունից անմիջապես հետո հայտնեց, որ ինքը կողմ է քվեարկել ՀՀԿ ներկայացուցչին: