Գերմանիայում այսօր մեծ թվով հրեաներ են ապրում, բայց որեւէ մեկը չի հանդգնի կասկածի տակ դնել Հոլոքոստի իրողությունը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի խնդրանքին՝ մեկնաբանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որ Թուրքիայում հայեր են ապրում, իսկ դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանություն չի եղել:
«Թուրքիան ճիշտ կաներ հետեւեր Գերմանիայի օրինակին՝ ճանաչեր, դատապարտեր եւ ներողություն խնդրեր։
1915 թ. Թալեաթը Գերմանիայի Գլխավոր Հյուպատոսին ասում էր, թե հայկական հարց չկա, որովհետեւ այլեւս հայ չկա: 99 տարի անց հայերը միջազգային հանրության հետ միասին պայքարում են նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների բացառման համար եւ սպասում են Թուրքիայի կողմից քաղաքակիրթ քայլերի»,-ընդգծել է Նալբանդյանը:
Թեւան Պողոսյանի դիտարկմանը, թե մի քանի օրից Ադրբեջանը ստանձնելու է ԵԽ նախագահությունը եւ չեք պատրաստվո՞ւմ արդյոք Եվրոպայի Խորհրդում բարձրաձայնել այդ երկրում մարդու իրավունքների խնդիրը եւ ի՞նչ գործողություններ եք ծրագրում իրականացնել, Նալբանդյանն արձագանքել է. «Դրա մասին բարձրաձայնել են հենց ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաները։ Վերջին շաբաթվա ընթացքում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը երկու հայտարարություն է արել, որ հիմնարար ազատությունների, հատկապես խոսքի ազատության եւ ընդհանրապես մարդու իրավունքների ոլորտում վիճակը Ադրբեջանում վատթարանում է:
Մենք լավ գիտենք, որ հայատյացության, անհանդուրժողականության խտրականության դրսեւորումները Ադրբեջանում սովորական երեւույթ են դարձել: Ես կարծում եմ, որ նման երկրի ոչ միայն նախագահությունը Եվրախորհրդում, այլ նաեւ անդամակցությունը պատիվ չի բերում այդ կազմակերպությանը»:


























